ԱՄՆ-ը կվաճառի Հայաստանին V-BAT տիպի անօդաչու թռչող սարքի տեխնոլոգիաներ

Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց Հայաստանին նոր դրոն-տեխնոլոգիայի վաճառքի մասին։

«Ես շատ ուրախ եմ հայտարարել Հայաստանին նոր դրոն-տեխնոլոգիայի վաճառքի մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփը խորապես համոզված է, որ խաղաղություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցը աշխարհի առաջատար ռազմական տեխնոլոգիաների տարածումն ու ներդրումն է, որոնք մեր երկրի տնտեսության հզորության արդյունքն են։ Այսօր մենք հավանություն ենք տվել 11 մլն դոլար արժողությամբ հետախուզական դրոնների տեխնոլոգիայի վաճառքին Հայաստանին՝ մեր լավ ընկերոջ՝ վարչապետի համար։ Մենք վստահ ենք, որ այս տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծվելիք խաղաղությունը կլինի երկարատև, ամուր և կայուն։ Այս գործարքը նաև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը»,- ընդգծեց ԱՄՆ փոխնախագահը։

Ջեյ Դի Վենսը նաև նշեց այս այցի պատմական նշանակությունը՝ որպես Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահ, ով այցելել է Հայաստան։ «Ես իսկապես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին փոխնախագահն եմ, ով այցելել է այս հին և պատմական երկիր։ Իմ հպարտությունը խորապես կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Հայաստանը աշխարհի ամենահին քրիստոնյա ազգերից մեկն է։ Ես ինքս քրիստոնյա եմ և խորապես գիտեմ, թե ինչ հզոր և խորը նշանակություն ունի այս երկիրը ողջ աշխարհի և մեր ընդհանուր կրոնի համար»,- եզրափակեց նա։