Քննչական կոմիտեն հրավիրում է Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոսներին՝ որպես մեղադրյալ

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալներ։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ փաստաբանի՝ եպիսկոպոսներին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հանցագործություն կատարելու մեջ։ Նա նշել է, որ այս գործողությունը հերթական միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը։

«Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում», – գրել է Արա Զոհրաբյանը։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսից սկսած հակաեկեղեցական լայն արշավ է ծավալել՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Այդ քարոզարշավի շրջանակում մի շարք հոգևորականներ կալանավորվել են, իսկ մի խումբ եպիսկոպոսներ հանրայինորեն հայտարարել են իրենց աջակցությունը վարչապետի պահանջին։

Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր դեկտեմբերի 10-12-ը Եպիսկոպոսաց ժողով գումարելու մասին՝ քննարկելու Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումները։ Սակայն դեկտեմբերի 8-ին Մայր Աթոռը հայտարարել էր այն անորոշ ժամանակով հետաձգելու մասին՝ հոգևորականների նկատմամբ բռնաճնշումների պատճառով։ Այնուհետև Գարեգին Բ-ն որոշում է կայացրել փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սուրբ Պելտեն քաղաքում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին։ Հենց այդ ժամանակ էլ Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու Գարեգին Բ-ի ցուցումից հետո։