Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 18-ի վերդիկտով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրեն Ս.Խ.-ն մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, Ս.Խ.-ն, զբաղեցնելով Կենտրոնի տնօրենի պաշտոնը 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը, 2019 թվականի սեպտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել էր 6000 ԱՄՆ դոլար կաշառք։
Պայմանավորվածության համաձայն՝ 2000 դոլարը պետք է ստանար լիազորագրի տրամադրումից առաջ, իսկ մնացած գումարը՝ բնակարանը վաճառելուց հետո։ Ս.Խ.-ն իր պայմանավորվածության պահանջը կատարելով՝ ստացել է 2000 ԱՄՆ դոլարը։
Այնուհետև, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում, որը պարտադիր էր, քանի որ Կենտրոնը հանդիսանում էր Ա.Թ.-ի խնամակալ, Ս.Խ.-ն 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ։
Այս անօրինական գործողությունների հետևանքով 2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 միլիոն 63 հազար դրամով, որի 2/3 մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին։
Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել էր 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դատախազությունը կձեռնարկի միջոցներ՝ առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու համար։