Հարավկովկասյան երկաթուղին արժանացել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի հուշամեդալին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան անունից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմին դեկտեմբերի 23-ին շնորհվել է «1941-1945թթ․ Հայրենական Մեծ Պատերազմում Հաղթանակի 80-ամյակ» հուշամեդալը։

Հանդիսավոր արարողության ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել ընկերության անձնակազմին Հաղթանակի 80-րդ տարվա տոնակատարությունների գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։ Նա նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» յուրաքանչյուր տարի ակտիվորեն մասնակցում է Հաղթանակի օրվա՝ որպես պատմական և մարդասիրական միասնության բացառիկ իրադարձության, տոնակատարություններին։

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ ընթացիկ տարվա տոնակատարությունները հատկապես մասշտաբային էին։ Նրա խոսքով՝ այս մեդալը «մեր ժողովուրդների և երկրների պատմական հիշողության պահպանման ուղղությամբ մեր ամբողջ անձնակազմի, վետերանների, երիտասարդության և աշխատողների ներդրած ջանքերի գնահատականն է»։

Հուշամեդալը շնորհվել է ընկերության կողմից Հաղթանակի 80-ամյա հոբելյանի տոնակատարությունների նախապատրաստման, հիշատակապահպան աշխատանքի և երիտասարդությանը հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած զգալի ավանդի համար։