Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» 2018 թվականի ապրիլի 12-ի որոշման մեջ փոփոխություններ։
Փոփոխությունների հիմնական նպատակն է ընդլայնել ցանկը՝ ներառելով նաև այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները, որոնք նախկինում դրանում առկա չէին։ Դրանցից մեկը գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգեոմաներն են։
Բացի այդ, փոփոխությունները հստակեցնում են այն դեպքերը, երբ կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեցնող կամ բուժում չպահանջող հիվանդությունների և ախտաբանական վիճակների դեպքում փորձաքննության ընթացքում կայացվելու է պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն։ Այս կատեգորիայի մեջ են մտնում, օրինակ, վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքերը, արյան համակարգի ժառանգական գործոններով պայմանավորված և բարենպաստ հիվանդությունները (օրինակ՝ ալֆա և բետա հետերոզիգոտ թալեսիմիաները), ինչպես նաև ստոծանու հարկերակրափողային և այլ ճողվածքների պարագայում վիրահատական բուժումից հրաժարման դեպքերը, ողերի մարմինների հեմանգիոմաները կամ այլ բարորակ գոյացությունները և կիստաները։
Կառավարության համաձայն, այս փոփոխությունների իրականացումը կնպաստի բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակի նվազեցմանը, ինչպես նաև պետական միջոցների անհարկի վատնման դեպքերի կանխարգելմանը։