Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը, իմ կարծիքով, կարելի է միայն մեկ բառով բնորոշել՝ խայտառակություն։ Այս եզրահանգումը ես արել եմ՝ արձագանքելով Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձություններին։
Նախարարի հայտարարությունները հասել են աբսուրդի։ Ըստ Միրզոյանի՝ «ազատության թշնամիները» ցանկանում են վերադարձնել Հայաստանին «ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտությունների և թույլ ինքնիշխանության միջավայր»։ Այս տրամաբանությամբ, իբրև թե Արցախում հայերը հանգիստ և խաղաղ էին ապրում «պուպուշ ադրբեջանցիների հետ», իսկ «ազատության թշնամիները» եկան և խափանեցին այդ «շոկոլադե հարաբերությունները»։
Ստացվում է, որ ադրբեջանցիները չեն հայաթափել Նախիջևանը, չեն փորձել էթնիկ զտում իրականացնել Արցախում, չեն շրջափակել Հայաստանը և Արցախը, չեն սկսել պատերազմ մեր դեմ։ Այդ ամենն արել են «ազատության թշնամիները»։ Այս հայտարարության հիմնական անհեթեթությունը նրանում է, որ այն ամբողջությամբ հերքում է պատմական իրականությունը և փորձում է պատասխանատվությունը մեր ողջ ազգային ողբերգության համար դնել անհայտ և անորոշ «թշնամու» ուսերին։
Այս մոտեցումը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին դիրքորոշումները։ Եթե վարչապետը պնդում էր, որ ինքն անմեղ է, պատասխանատու, բայց մեղավոր չէ, ապա նախարարը գերազանցել է իր շեֆին՝ պնդելով, որ մեղավոր չէ նաև Ալիևը, այլ «ազատության թշնամիները»։ Ինչպե՞ս են նրանք աշխատում։ Նախարարը չի բացահայտել, թե ովքե՞ր են այդ «ազատության թշնամիները», ինչը, իմ կարծիքով, ավելի է խորացնում ելույթի աբսուրդը։
Նախարարը նաև հայտարարել է, որ «ազատության թշնամիները» ձգտում են օգտագործել ժողովրդավարության գործիքները՝ ժողովրդավարությունը խաթարելու համար։ «Ավելի պարզ՝ նրանք փորձելու են ընտրությունների միջոցով քպ-ականներին տուն ուղարկել», – նշում է նա՝ հակադրելով այս տրամաբանությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։ Այսպիսով, ըստ նախարարի, ժողովրդավարական ընտրությունները կարող են լինել ավտորիտարիզմի գործիք։
Այս մոտեցումը հիշեցնում է Մաքիավելիի սկզբունքները գործողության մեջ։ Այն ոչ միայն հերքում է ժողովրդավարության էությունը, այլև ստեղծում է մեկ այլ աբսուրդ՝ ազատության պաշտպանության համար ավտորիտարիզմի պաշտպանությունը։